|

Շառլ Ազնավուրը սեր է խոստովանել ռուսական մշակույթին և մրցանակ ստացել

Ֆրանսահայ լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրն արժանացել է Պատվո նշան մրցանակի, որը նրան շնորհվել է «Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար»։ Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալությունը։

Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցալ Կաննի փառատոների և համագումարների պալատում կազմակերպված «Ռուսական գիշեր» մշակութային միջոցառման ժամանակ։ Կաննում ռուսական մշակույթի փառատոնը նվիրված է Ռուսաստանում Ֆրանսիայի օրերի, ինչպես նաև Ֆրանսիայում Ռուսաստանի օրերի միջոցառումներին։

Շանսոնիեն լրագրողներին ասել է, որ ինքը ռուսական երաժշտության միջավայրում է մեծացել և միշտ սիրել է ռուսական գրականությունը։

«Ես մեծացել եմ ռուսական երաժշտության միջավայրում, իսկ մշակույթի համար երգերը մեծ նշանակություն ունեն, դրանցից շատ բան ես սովորում»,– ասել է նա։

Շառլ Ազնավուրը նաև նշել է, որ հաճախ է ունկնդրել Ալեքսանդր Վերտինսկիի ձայնագրությունները։ Նաև նաև գրել է «Երկու կիթառ» սիրերգի ֆրանսերեն տեքստը՝ պահպանելով ռուսերեն կրկներգը։ «Դա մեծ հաջողություն ունեցավ Ֆրանսիայում»,– ասել է նա։

Ռուս գրականությունը շանսոնիեն իր համար բացահայտել է ռուսական ծագում ունեցող ֆրանսիացի գրող Անրի Տրուայայի գրքերի միջոցով։

«Իմ մեջ ցանկություն առաջացավ ավելի լավ ճանաչել ռուս դասականներին, ռուսական թատրոնը։ Ես սիրեցի ռուսական գրականությունը, և այդ հարցում ես միայնակ չեմ, քանի որ Ֆրանսիայում ռուսական գրականությունը մեծ ժողովրդականություն է վայելում»,– ասել է Շառլ Ազնավուրը։

Comments are closed