Ջիվան Գասպարյանը չգիտի, թե ինչու են հետաձգել իր ստամբուլյան համերգը

Դուդուկահար Ջիվան Գասպարյանի եւ թուրք երաժիշտ Յավուզ Բինգյոլի՝ սեպտեմբերի 1-ին Ստամբուլում նախատեսված համերգը հետաձգվել է. համերգի կազմակերպիչները ծիրանափողի վարպետին այդ մասին տեղյակ են պահել սրանից 15-20 օր առաջ։
Ջիվան Գասպարյանի խոսքով, ինքը նախկինում էլ է թուրք երաժիշտ Յավուզ Բինգյոլի հետ համատեղ համերգ ունեցել։ «Երկու անգամ արդեն իսկ նվագել եմ նրա հետ, սա պիտի լիներ երրորդը, սակայն 15-20 օր առաջ համերգի կազմակերպիչները ինձ տեղեկացրեցին, որ համերգը հետաձգվում է։ Փաստը զարմացրել է ոչ միայն ինձ, այլ նաեւ թուրք երաժշտին, ով թերթերից մեկին ասել է, թե Ջիվան Գասպարյանը քաղաքականությամբ չի զբաղվում, եւ եթե նրա նման երաժիշտը համաձայնել է համերգ ունենալ Ստամբուլում, զարմանալի է, թե ինչո՞ւ է այդ համերգը հետաձգվել»,-նշեց դուդուկահարը։
«Դա իրենց գործն է, չեմ ուզում, որ բարդացնեն ամեն ինչ։ Մտածում եմ՝ «չորտ զնայետ», ինչն է պատճառը. հնարավոր է, փող չունեն տալու կամ ուրիշ պատճառներ կան»,- ասաց անվանի երաժիշտը:
Հարցին, թե երկրորդ անգամ հրավիրվելու դեպքում կմասնակցի՞, արդյոք, ստամբուլյան համերգին, վարպետը նշեց, որ ինքը «մտածելու բան չունի, թող իրենք մտածեն դրա մասին»։