Մինասի երկու որմնանկարների վերականգնման համար կառավարությունը կհատկացնի շուրջ 20 մլն դրամ

ՀՀ կառավարությունն արդեն երկրորդ անգամ է, ինչ աջակցություն է ցուցաբերում Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերականգնման աշխատանքներին, ինչը շատ ողջունելի է։ Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի աուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը։
Նրա խոսքով, կառավարությունն առաջին անգամ օգնել է վերականգնել Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» աշխատանքը։ «Այս անգամ կառավարությունը հոգում է Գյումրու էլեկտրոտեխնիկական գործարանի ճաշարանի մասնաշենքում արված աշխատանքների վերականգնման ծախսերը։ Ընդ որում, նախատեսվում է վերականգնել Մինասի 2 գործեր՝ «Խաչքարի մոտ» եւ «Հանդիպում» որմնանկարները, ինչի համար կառավարությունը կհատկացնի շուրջ 20 մլն դրամ»,- տեղեկացրեց Սոնա Հարությունյանը՝ ավելացնելով, որ նախատեսված գումարն արդեն իսկ փոխանցվել է «Մինաս Ավետիսյան» հիմնադրամին։ Նա նաեւ տեղեկացրեց, որ ռեստավրացիայից հետո Մինասի 2 որմնանկարները կտեղափոխվեն կառավարության առաջին շենք՝ խորհրդակցությունների եւ նիստերի դահլիճ։
Անդրադառնալով բուն վերականգնման աշխատանքների ընթացքին՝ մշակույթի նախարարության ներկայացուցիչը նշեց, որ դրա համար Հայաստան է հրավիրվել իտալացի մասնագետ Ֆաբրիցիո Յակուպինին, ով այսօր երեկոյան կժամանի Երեւան։ «Նա մասնակցել է նաեւ Մինասի մեկ այլ որմնանկարի վերականգնման աշխատանքներին։ Իսկ ընդհանրապես, «Խաչքարի մոտ» եւ «Հանդիպում» որմնանկարների վերականգնման աշխատանքների առաջին փուլը կտեւի մինչեւ սեպտեմբերի 10-ը։ Ռեստավրացիոն երկրորդ փուլը կսկսվի որոշ ժամանակ անց՝ սեպտեմբերի 27-ին եւ կավարտվի հոկտեմբերի 7-ին»,- տեղեկացրեց Սոնա Հարությունյանը՝ նշելով, որ աշխատանքների վերջին փուլը նախանշված է հոկտեմբերի 25-ին։
«Վերականգնողական աշխատանքներն ամբողջությամբ ավարտին կհասցվեն նոյեմբերի 3-ին»,- ասաց նա։
Սոնա Հարությունյանի խոսքով, Մինասի որմնանկարները կառավարության շենքում տեղադրելը ցույց է տալիս, որ պետությունը Մինասի արժեքն ընդգծելու ցանկություն ունի։ Լրագրողների կողմից հնչեցված այն մտահոգությանը, թե որմնանկարները կառավարության շենքում զետեղելով՝ իրենք հասարակ քաղաքացիներին կզրկեն դրանք դիտելու հնարավորությունից, Սոնա Հարությունյանը շտապեց հանգստացնել, որ Մշակույթի նախարարության եւ կառավարության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, շաբաթական մեկ անգամ «բաց դռների օր» կհայտարարվի, ինչն էլ Մինասի արվեստի սիրահարներին հնարավորություն կտա տեսնել հեղինակի գործերը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am