|

K.O. Կարոտել եմ ազգականներիս ու ընկերներիս, բայց ոչ Հայաստանը

Վերջերս մի որեւէ երգչուհու կամ երգչի հետ հարցազրույց անցկացնելու ցանկություն ունեի, բայց չէի կողմնորոշվում, թե ում հետ հանդիպեմ: Եթե անկեղծ լինեմ մեր «աստղերը» կանխատեսելի են դարձել. բոլորը «շատ հայրենասեր են, սիրում են դասական երաժշտություն, լսում են Կոմիտաս, սիրում են պատմությունը, հայրենասիրությունից դրդված մասնակցում են բոլոր քարոզարշավներին…»: Մի խոսքով անհետաքրքիր են: Որոշեցի որոնել Հայաստանից դուրս,  որտեղ էլ հաջողվեց գտնել մի երիտասարդ ու խոստումնալից երգչուհու: Կարինե Օհանյանն ապրում է Բելգիայում, բեմական անունը Karine’ կամ K.O է(անգլերեն սլենգում նշանակում է նոկաուտ)։ Չնայած օրվա գրաֆիկի ծանրաբեռնվածությանը Կարինեն համաձայնեց հարցազրույց տալ NEWS.am-ին: Ստորեւ ներկայացնում են հարցազրույցը, որն ընթացքում մտերմիկ զրույցի վերածվեց Բելգիայում ապրող, Rap եւ R’n B ոճով հանդես եկող Կարինե Օհանյանի եւ NEWS.am-ի թղթակցի միջեւ:

Կարինե, Հայաստանո՞ւմ ես ծնվել:

Այո, ծնվել եմ Երեւանում, եւ մինչեւ 1996 թվականն ապրում էինք այդտեղ: Դպրոց էի հաճախում, գնում էի դաշնամուրի դասընթացների, գեղարվեստական չմշկասահի; 12 տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Բելգիա:

Ուրա՞խ էիր, որ տեղափոխվեցիք Եվրոպա:

Չէ։  Չէի կարողանում համակերպվել: Ինձ համար ծանր փոփոխություն էր, անսովոր էր, լեզու չգիտեի, ընկերներ չունեի, դպրոցում նորեկ էի ու խորթ դասընկերներիս համար, իրենք էլ ինձ համար: Ես մեկ տարի ճամպրուկս չէի ցանկանում դատարկել, ու գրեթե ամեն օր ասում էի, որ Երեւան եմ ուզում վերադառնալ (ժպտում է): Բայց մեկ տարի անց արդեն ամեն ինչ հարթվեց: Դե երեխաները, երեւի ավելի շուտ են կարողանում հարմարվել: Երբ ֆրանսերենին ու ֆլամանդերենին տիրապետեցի, արդեն հեշտ էր: Այդ մեկ տարում սովորեցի նաեւ անգլերեն:

Իսկ ինչպե՞ս կարողացար Բելգիայում շոու-բիզնեսի մեջ մտնել:

Մեծ դժվարությամբ: Դպրոցում շատ ակտիվ էի, ինչ-որ միջոցառում որ լինում էր, ես անպայման մասնակցում էի, իսկ այստեղի դպրոցներում աշակերտների տաղանդները հաշվի են առնում, անհատական քարտում նշում են այդ մասին, եւ եթե մոդելային ընկերությունները կամ պրոդյուսերները հարցում են անում, ապա դպրոցները տվյալները տալիս են: 16 տարեկանում սկսեցի հաճախել մոդելային դասընթացների ու վերսկսեցի դաշնամուրի պարապմունքները: 18 տարեկանում առաջարկ եղավ երգել Crash 5 խմբում, որը Pussy cat dolls ամերիկյան խմբի բելգիական տարբերակն էր, բայց խումբը մի քանի ամսից փակվեց; Դրան զուգահեռ, եւ մինչեւ այսօր շարունակում եմ զբաղվել մոդելային գործունեությամբ: Դա եկամտաբեր է…Վերջին երեք տարվա ընթացքում ավելի եմ ակտիվացել երաժշտության ոլորտում: Շրջադարձային եղավ, երբ առաջարկեցին բելգիական Aquarelle ֆիլմի համար soundtrack գրել։ Երգն, իսկապես, լավն ստացվեց, կոչվում է Almost you, ես այն նաեւ ֆիլմի պրեմիերային  կատարեցի: Ընդհանրապես, իմ երգերը ես եմ գրում: Կատարում եմ Rap, R’nB եւ Ballads ոճերի երգեր, բայց որ ճիշտն ասեմ, ինձ հոգեհարազատը Ballads-ն է, իսկ մյուս երկուսը նպատակարմար են կոմերցիոն առումով:

Հանրահա՞յտ ես Բելգիայում։

Ամբողջ Բելգիայում, ոչ, բայց այդ ուղղությամբ աշխատում եմ (խորամանկ ժպտում է): Այժմ իմ առաջխաղացմամբ եւ պրոդյուսինգով զբաղվում են Բելգիայում առաջատար համարվող Գի Վաքուն ու Պիեռ Կազադին, ու վստահեցնում են, որ ավելի շատ պետք է անգլերեն երգել, որ ամերիկյան շուկա ու Հոլիվուդ դուրս գալու հնարավորություն լինի: Վերջերս R’n B ժանրի ամերիկացի երգիչ Ne-Yo-ից եմ առաջարկ ստացել, Snoop Dogg-ի հետ եմ ծանոթ, ու տարբեր առիթներով շփվում ենք:

Ինչպիսի՞ մարդիկ են արեւմտյան երիտասարդության այդ սիրեցյալները:

Տաղանդավոր են, հետաքրքիր ու մի քիչ տարօրինակ: Իմ կարծիքով, բոլոր տաղանդավոր մարդիկ տարօրինակություններ ունեն, ու իրենք էլ անմասն չեն դրանից: Snoop Dogg-ից օրինակ, երգի տեքստի հանգավորման նոր ոճ եմ սովորել: Իմ երգերի տեքստերը ես եմ գրում, բայց նա պրոֆեսիոնալ է, ինչ խոսք, ու մի քանի խորհուրդ է տվել. աշխատում եմ կիրառել;

Իսկ հե՞շտ է առաջ գնալը շոու-բիզնեսում:

(Տխուր ժպտում է) Շոու-բիզնեսը դաժան աշխարհ է: Այն Հայաստանի նման է. եթե ծանոթ չունես, առաջ չես կարող գնալ, կամ հրաշալի տաղանդ պետք է ունենաս, որ քեզ նկատեն, կամ ինչ-որ մի հովանավոր, որը քեզ իր կապերի միջոցով առաջ կտանի: Ես շատ հիասթափություններ եմ ապրել, նույնիսկ դեպքեր են եղել, որ զզվել եմ ամեն ինչից, բայց հետո տիրապետել եմ ինձ: Ուժեղ կամք ունեմ, դա է ինձ փրկում նման վիճակներում:

Խոսքումդ Հայաստանը հիշեցիր, հետաքրքվո՞ւմ ես հայաստանյան շոու-բիզնեսով:

Չէ էդպես, մեկ-մեկ youtube-ով հայկական Rap կամ R’n B եմ փնտրում, բայց ինչ-որ youtube-ում կա 90-ականների ոճով է։ Ինձ թվում է, որ Հայաստանում երաժշտական այդ ուղղությունները դեռ 90-ականների օրենքներով են շարժվում: Տարբերությունը միանգամից է զգացվում:

Գիտե՞ս, որ Հայաստանում փոփ ժանր գրեթե չի մնացել, երգիչները գնում են հարսանիքներում են երգում, ու Հայաստանում ժամանակակից երաժշտության թելադրողը դարձել են ռեստորանների հարուստ հաճախորդները, որովհետեւ դրանց հիմնական մասն ուզում է իրենց «ընգերների, ախպերների, քրերի, հայրերի, մայրերի, թոռների……» մասին երգեր լսել, ու երգիչներն էլ երգում են, որովհետեւ հաճախորդը փող է տալիս:

Ինչ ասեմ, ես այդքան տեղյակ չեմ հայաստանյան իրականությունից։ Օրինակ` Բելգիայում, կամ առհասարակ Եվրոպայում, նման բան չկա, որ մարդիկ հարսանիքին երգիչ կանչեն: Մարդիկ էստեղ ավելի համեստ են: Իսկ ռեստորաններում հանգիստ երաժշտություն է հիմնականում: Այստեղ երգիչները գումար են աշխատում հիմնականում շրջագայություններից, ու եթե վատ ու անճաշակ երգեր երգեն, նրանց համերգի տոմսերը պարզապես չեն սպառվի: Ինչ վերաբերում է Հայաստանին կամ հայկական շոու-բիզնեսին, ժամանակին հնարավորություն կար ու ես կարող էի հայերեն ու հայկական երգեր կատարել ու շատ արագ հայտնի դառնալ Բելգիայի հայկական գաղութում, որ բավականին մեծ է: Բայց այդ դեպքում, ես կդառնայի ինչ-որ հայկական ռեստորանում երգչուհի, ու վերջ: Դրանից ավելիին հասնելն անհնար կլիներ: Եթե մարդ ուզում է իր արվեստը ներկայացնել, ապա պետք է շատ աշխատի ու չհիասթափվի:

Իսկ ընդհանրապես հայերեն երգեր ունե՞ս գրած:

Չէ դեռ, բայց ցանկանում եմ երգերիս մեջ հայկական երաժշտության մոտիվներ ընդգրկել: Ես հպարտ եմ, որ հայ եմ, դա միշտ ասում եմ բելգիացիներին, բայց տեղի հայ համայնքի հետ քիչ եմ շփվում: Բելգիայում շատ հայ աղջիկներ կան, բայց ես երեւի միակն եմ, որ շոու-բիզնեսում եմ, սակայն այստեղի հայերը դրանից չեն ուրախանում, այլ ընդհակառակը «խեթ աչքով են նայում»:

Այս տարի նախատեսում էի Հայաստան գալ, բայց չկարողացա, շատ ծանրաբեռնված էր օրակարգս: Արդեն 7 տարի է, որ Հայաստանում չեմ եղել: Առաջիկայում նախատեսում եմ CD թողարկել։ Հիմա զբաղված եմ երգերի ձայնագրմամբ, բայց որոշել եմ, դրանք թողարկելուց հետո անպայման գալ։ Նախ ազգականներիս կտեսնեմ, ու նաեւ իմ CD-ն կներկայացնեմ:

Իսկ ինչպիսի՞ երգեր են լինելու, քո կարծիքով հիթեր կդառնա՞ն։

Ապագա CD-ում մի երգ կա, որ հաստատ հիթ կդառնա։ Got to be you-ի տեքստը կրկին ես եմ գրել, բայց դրա վրա աշխատել է նաեւ Ron Caroll-ը, որը Եվրոպայում շատ հանրահայտ է։ Նրան CD-ի վրա աշխատանքում ընդգրկելը երկու պատճառ ունի, նախ ավելի պրոֆեսիոնալ ու մշակված կստացվի, եւ երկրորդը, կոմերցիոն տեսանկյունից է ճիշտ։ Քանի որ սա իմ առաջին սկավառակն է լինելու, այնտեղ պետք է հայտնի մարդկանց անուններ էլ լինեն, որովհետեւ սպառողները ավելի շատ վստահում են հայտնի մարդկանց աշխատանքին, քան նորերի։ Մի երգ էլ ունեմ, K.O. love, սա էլ իմ կարծիքով հիթ կդառնա, տեմպով է, ու շատ մեղեդային։ Հուսով եմ մարդկանց դուրը կգա, եւ երկրպագուներս կշատանան։

Շա՞տ ես կարոտել Հայաստանը:

Որ ճիշտն ասեմ, ո’չ (չկարողացա թաքցնել զարմանքս անկեղծ պատասխանից. սովորաբար այս հարցին բոլորը ճիշտ, թե՝ սուտ «այո» են պատասխանում):

Ինչո՞ւ:

Ես կարոտել եմ ազգականներիս, շատ եմ կարոտել, բայց Հայաստանը չեմ կարոտել: Կրկնում եմ, հպարտ եմ, որ հայ եմ, բայց Հայաստանում մարդկանց վարքուբարքն է ինձ զայրացնում: Եվրոպայում բոլորը հավասար են, մարդու սոցիալական ստատուսը կարեւոր չէ, իսկ Հայաստանում մարդիկ առաջին հերթին ուշադրություն են դարձնում դիմացինի հագ ու կապին, կամ մեքենային: Այ դա ինձ դուր չի գալիս: Մարդիկ սիրալիր չեն միմյանց նկատմամբ: Եվրոպայում, մարդիկ սառն են, բայց միմյանց հանդուրժող ու բարյացկամ են:

Իսկ քո կարծիքով, ո՞րն է նման տարբերության պատճառը:

Երեւի բարեկեցությունը։ Բելգիայում մարդիկ լավ են ապրում, դարդ ու ցավ չունեն, իսկ Հայաստանում մարդկանց մեծ մասը օրվա հացի խնդիր է լուծում, երեւի դրանից էլ բոլորը մի տեսակ նյարդային են, բայց հույս ունեմ, որ դրությունը մի քանի տարուց կփոխվի:

Հարցազրույցը վարեց Կոնստանտին Ամիրաքյանը

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Comments are closed