|

«Աիդա» օպերայի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 23-ին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 23-ին տեղի կունենա մեծանուն կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի պրեմիերան, տեղեկացրեց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:

«Մեր բախտը բերել է իտալացի ռեժիսոր Մարիո Կորադիի կապակցությամբ, քանի որ նա շատ պրոֆեսիոնալ է աշխատում, և ողջ կոլեկտիվը հաճույքով մասնակցում է փորձերին», - ասաց Հովհաննիսյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ըստ ժամանակացույցի, փորձերը տևում են առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան 20-ը:

Թատրոնի տնօրենը նշեց, որ Աիդայի պարտիան կկատարեն չորս մեներգչուհիներ՝ Մագդա Մկրտչյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Աննա Մնացականյանն ու Մարինե Դեինյանը:

Նրա խոսքերով՝ Ռադամեսի պարտիան կատարելու համար պրեմիերային հրավիրվել է հայտնի օպերային երգիչ, Մյունխենի օպերային թատրոնի մեներգիչ Գեորգի Օնիանին, իսկ «Աիդայի» մյուս բեմադրությունների ժամանակ տղամարդու գլխավոր դերը կկատարեն հայ մեներգիչներ Ռուբեն Նուրիջանյանն ու Սարգիս Աղմալյանը:

Թատրոնի տնօրենն ընդգծեց, որ օպերայի բեմադրության համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 50 միլիոն դրամ (գրեթե 140 հազար դոլար):

««Աիդա»-ի բեմադրությունը ռիսկային նախաձեռնություն է ցանկացած թատրոնի համար, սակայն մենք պատվով կանցնենք այս փորձությունը», - համոզված է Հովհաննիսյանը:

Comments are closed